Լրանում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակը: Փորձեցինք ճշտել` ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում այս առիթով: Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ միջազգային չափանիշներով տարին հոբելյանական չէ, մեծ հանդիսություններ կազմակերպելու մտադրություն չունեն:
«Մեր ժողովուրդն այսօր ապրում է ծանր սոցիալական պայմաններում,- ասաց նա:- Ես ինքս բարոյական իրավունք չեմ վերապահում ճաշկերույթներ կազմակերպելու, դրսից մարդկանց հրավիրելու»:
Թանգարանը, իհարկե, ակտվորեն աշխատում է, ցուցահանդեսներ են կազմակերպվում, որոնք առնչվում են անվանի արվեստագետի 90-ամյակին: Հարկ է նշել որ այս տարի ցուցադրություններ են նախատեսվում Օդեսայում, Վիլնյուսում և Ստամբուլում:
Փարաջանովի թանգարանը գործում է երկու տասնամյակից ավելի: Այն երևանցիների և զբոսաշրջիկների սիրելի վայրերից է: 30 երկրում ունեցել են 60 ցուցադրություն: Կիևում` 2008-ին կայացած ցուցահանդեսի ժամանակ այցելուների թիվը երկու ամսում անցել է 42 հազարը:
Թանգարանն աշխատում է ամեն օր` հունվարի մեկից մինչև դեկտեմբերի 31-ը: Հյուրերին, անհրաժեշտության դեպքում, ընդունում են օրվա ցանկացած ժամի: Սա ավանդույթ է։ Տնօրենը հույս ունի, որ այն կպահպանեն նաև հետագայում:
Վերջին տասնամյակում փարաջանովյան այս գողտրիկ վայրի մասին խոսելիս պարբերաբար բարձրացվում է նաև թանգարանի դիմաց բնակելի կիսակառույցի շինարարության խնդիրը:
Ձորագյուղ կոչվող ազգագրական թաղամասում սույն կառույցի շինարարության դեմ արտահայտել են իրենց դժգոհությունը տարբեր տարիներին թանգարան այցելած պաշտոնյաները` Ռոբերտ Քոչարյան, Երվանդ Զախարյան, Գագիկ Բեգլարյան, Ռիտա Սարգսյան, Հասմիկ Պողոսյան և այլք: Թանգարանի տնօրենը դեռևս Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք բարձրացրել է հարցը, ու նոր-նոր ծիլ տվող նախագիծը կասեցվել է: Բայց` ժամանակավորապես: Շենքը, ի վերջո, կառուցվել է: Խոստացել են, որ չորս հարկից բարձր չի լինելու, հետո արդեն տարածքում ավելացել է ևս երկու կառույց, մեկը` հինգհարկանի, մյուսը` վեց (ձորի կողմից` ութ):
Ի դեպ, սեփականատիրոջ նախաձեռնությամբ, նորակառույց շենքը մուտք է ունենալու նաև թանգարանի դիմացի նեղ փողոցից` տանիքի վրայով: Սա հիմնական, բայց միակ մտահոգությունը չէ:
«Շինարարությունից հասկացող ցանկացած ոք կփաստի, որ ձորի բերանը ամենավտանգավոր տեղն է` սեյսմիկ առումով, նման տեղում աշխատում են շենք չկառուցել: Երկրորդը կոյուղու խնդիրն է»,- ասում է Զավեն Սարգսյանը։ Նա մտավախություն ունի, որ այն կարող է մղվել Հրազդան գետ։ Ասել են, որ պոմպերով վերև են մղելու, բայց անհավանական է համարում:
Ինչպիսի՞ն պետք է լիներ Ձորագյուղ կոչվող ազգագրական թաղամասն իրականում:
«Այստեղ հին Ձորագյուղի նախագիծը պետք է կրկնվեր, այսինքն, աստիճանաբար դեպի ձոր իջնող երկհարկանի տներ էին կառուցվելու, հոյակապ նախագիծ էր մշակել ճարտարապետ Արշակ Ղազարյանն իր խմբով, որը սակայն չիրականացավ: Կառուցվեցին թանգարանը, ռեստորանը, ու կասեցվեց ծրագիրը,- ցավով նշում է Զավեն Սարգսյանը և հավելում.- Իրականում մենք այս քաղաքի տերը չենք: Եթե Փակ շուկայի շենքն է այս վիճակում, ապա բողոքելու իմաստը չեմ տեսնում: Բայց նման դեպքերում պետք չէ մեղադրել միայն սեփականատիրոջը: Փակ շուկան 50-ականներին կառուցվել է, ու երբևէ ամրակայման և այլ աշխատանքներ չեն կատարվել: Շենքի տակ ջուր է լցվել, հիմքերը թուլացել են, գնողից հսկայական գումարներ են պահանջվում` ամրակայման աշխատանքների համար, մի բան, որ պետք է աներ պետությունը տարիներ շարունակ: Այսինքն, մի կերպ ազատվել են բացառիկ այդ հուշարձանից: ՈՒրիշ քաղաքներում հսկայական միջոցներ են ներդրվում պահպանելու համար հին շենքերը, մեզ մոտ նման բան չկա»:
Զավեն Սարգսյանը լուսանկարիչ է, պատմում է, որ Ֆրանսիայում «Հայաստանի 12 մայրաքաղաքները» խորագրով ցուցահանդեսին ներկայացրել են նաև Երևանի 18-19-րդ դարերի աղյուսե հին տների լուսանկարները: Տեղի մեր հայրենակիցները հետաքրքրվել են` Երևանի ո՞ր հատվածում են գտնվում այդ արտակարգ տները, ինչպե՞ս է, որ չեն տեսել: Նրանք չեն պատկերացնում, որ դրանք չկան, քանդվել են:
«Այսօր նույն Կարսում ոչ մի հայկական տուն չի քանդվում, իսկ Երևանում շուտով հին տներից ոչ մեկը չի մնա,- ասում Զ. Սարգսյանը:- Երբ քրդերը հայկական հնավայրերը քանդում են, ասում ենք` քուրդ են, մշակույթ չունեն, ուրիշի ստեղծածը ոչ մի արժեք չունի նրանց համար, բայց, լավ, հայերի՞ն ինչ անուն տանք: Չե՞ն զգում, որ պարտք են իրենց նախնիներին, որ նման հզոր ժառանգություն են թողել: Թուրքին, վրացուն քննադատելն անպատժելի, անվնաս գործ է: Կարող ենք շարունակ Ջուղայի խաչքարերի մասին խոսել, բայց Առինջի գերեզմանոցում` Երևան քաղաքի մեջ, ամեն օր խաչքար է վերանում, անգամ 12-րդ դարի խաչքարեր են ոչնչացվում` Ջուղայի խաչքարերից հին, գուցե ավելի գեղեցիկ, ու չգիտես` ում դեմ խոսես»:
Զավեն Սարգսյանը նաև նկատում է, որ ամբողջ աշխարհում հուշարձանները փրկում է հասարակությունը, ոչ թե իշխանությունը: Երիտասարդները պայքարում են, քաղաքացիական նախաձեռնություններ են հիմնվում, դա հույս է տալիս, որ պայքարը, ի վերջո, արդյունք կտա:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ